23/09/2022 20:43
Զոհված զինծառայողների ծնողները, մինչև դիահերձարան մտնելը, իրենց որդիներին պետք է ճանաչեն լուսանկարով, հարցաքննվեն, նոր մուտք գործեն դիահերձարան՝ ճանաչման. ՔԿ
Զոհված զինծառայողների ծնողները, մինչև դիահերձարան մտնելը, պետք է ճանաչեն իրենց որդիներին լուսանկարով, հարցաքննվեն, ապա նոր միայն մուտք գործեն դիահերձարան՝ ճանաչման, «Փաստինֆո»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգել էր, որ դիահերձարանները, որտեղ տեղավորվել են Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողների մարմինները, հսկվում են անվտանգության աշխատակիցների կողմից եւ առանց քննիչների ուղեկցության՝ ծնողները չեն կարող դիակի ճանաչում իրականացնել։
ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին պարզաբանել են, որ մարմինները տեղափոխվել են տարբեր դիահերձարաններ, զինծառայողների մարմինները լուսանկարված են, ըստ ընթացակարգի՝ ծնողները կամ ճանաչող անձը պետք է լուսանկարներով ճանաչեն որդիներին, հարցաքննվեն՝ հայտնելով, թե արդյոք իրենց երեխայի մարմնին դաջվածքներ, տարբերող նշաններ կան, թե ոչ, ապա նոր միայն դիահերձարանում մասնակցեն ճանաչման գործընթացին։
ՔԿ-ից նշել են, որ նախկինում դեպքեր են եղել, երբ լուսանկարով ճանաչել են մարմինները, հուղարկավորել, հետագայում պարզվել է, որ մարմինն այլ զինծառայողի էր պատկանում և արտաշիրիմում է արվել։ Այժմ, քննիչները տեղում են, ըստ ՔԿ-ի՝ խոչընդոտելու որևէ խնդիր չկա, նույնականացման գործընթացն իրականացվում է։