24/09/2022 16:21
Վայոց ձորի մարզպետը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Ջերմուկի ենթակառուցվածքների և բնակչության կրած վնասները
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ։
Թիմի կազմում են եղել ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայասանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը, Գլոբալ հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը, նաև Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ժիհան Թաուլիան ու ՀՀ-ում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներ, տեխնիկական թիմի անդամներ։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը՝ Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքների, առողջարանների, մասնավոր կառույցների և բնակչության կրած վնասները:
Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի տարբեր կառույցների հայաստանյան ղեկավարների հետ քննարկվել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խաղաղ բնակչության իրավունքներին, խոցելի խմբերի պաշտպանվածությանը ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր: Խոսվել է կրթական գործընթացի կազմակերպման, այլ համայնքներ տեղափոխվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության ու այլ խնդիրների մասին։
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հանդիպման ավարտին նշել է, որ մարզում կիրականացվեն աջակցության տարբեր ծրագրեր։