26/09/2022 14:28
Դեմոկրատների կեսից ավելին չի ցանկանում Բայդենին նախագահի թեկնածու տեսնել
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները հավանություն չեն տալիս 2024 թվականի ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի թեկնածության հնարավոր առաջադրմանը, այդ քայլը չի ողջունում դեմոկրատների 56 տոկոսը: Այդ մասին են վկայում այն հարցման՝ սեպտեմբերի 25-ին հրապարակված արդյունքները, որը համատեղ կատարել են ABC հեռուստաալիքը եւ The Washington Post թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հարցին, թե «ցանկանու՞մ եք արդյոք, որ Դեմոկրատական կուսակցությունը 2024 թվականին Բայդենին թեկնածու առաջադրի երկրորդ նախագահական ժամկետի համար»՝ դրականորեն Է պատասխանել հարցման մասնակիցների 35 տոկոսը, 9 տոկոսն ասել է, թե չգիտի, 56 տոկոսը հայտարարել Է, որ կգերադասեր այլ թեկնածուի:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ հանրապետականների կարծիքները բաժանվել են հետեւյալ կերպ. 47 տոկոսը հանդես Է եկել կուսակցությունից նրա առաջադրման օգտին, 46 տոկոսը՝ դեմ, 7 տոկոսը՝ չգիտի:
Հարցմանը, որն անցկացվել Է սեպտեմբերի 18-ից մինչեւ 21-ը, մասնակցել են շուրջ հազար ամերիկացիներ: Վիճակագրական սխալանքը կազմում Է երեք ու կես տոկոսային կետ:
Սեպտեմբերի 19-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայդենը հայտարարել Է, որ մտադիր Է 2024 թվականին մասնակցել պետության ղեկավարի ընտրություններին, սակայն դրա վերաբերյալ վերջնական «հաստատ որոշում» ընդունելն առայժմ վաղ Է: Սեպտեմբերի սկզբին Թրամփի նախկին օգնական եւ փեսա Ջարեդ Քուշները հայտնել Է, որ Թրամփը կարող Է կրկին պայքարի մեջ մտնել պետության ղեկավարի պաշտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: