29/09/2022 18:52
ՀԱՊԿ-ի հասցեին անհիմն քննադատությունը չի նպաստում կառուցողական աշխատանքին․ Զախարովա
ՀԱՊԿ-ի հասցեին որոշ քաղաքական գործիչների քննադատությունն անհիմն է և չի նպաստում կառուցողական աշխատանքին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որոշ քաղաքական գործիչների հնչեցրած քննադատությունը՝ ուղղված ՀԱՊԿ-ին, հիմնավորված չէ և օգուտ չի տալիս փոխընդունելի որոշումների որոնմանը»,- մասնավորապես, ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների չմասնակցելու որոշումը կայացվել է՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված վիճակից։
«Ինչ վերաբերում է Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին ստորաբաժանումներ չուղարկելու Երևանի որոշմանը, ապա կարծում եմ՝ այդ հարցում Հայաստանը գործում է՝ ելնելով իր և իր զինված ուժերի առաջնահերթ խնդիրներից՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով։
Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը կարելի է բնութագրել բեղմնավոր, արդյունավետ»,- հայտարարել է Զախարովան։