30/09/2022 20:44
Ինչքան սուր է վիճակն, այնքան ավելի սուր է խաղաղության անհրաժեշտությունը. եթե մի ամիս չեն կրակել, դա դեռ չի նշանակում, որ խաղաղություն է. ՀՀ վարչապետ
Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության մեխանիզմի կարևորագույն նպատակներից մեկը իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից հետո կբխեն համապատասխան գործողություններ, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե Ադրբեջանը երբեք չի ասում, որ խախտել է զինադադարը:
«Միշտ փորձում են ներկայացնել, թե սադրանք է եղել, բնականաբար, մենք այդ տեղեկավությունը բոլոր հնարավոր միջոցներով հերքում ենք, բայց, մյուս կողմից, ասում ենք՝ քանի որ սա շարունակվող իրավիճակ է, ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունն ունենա դիտորդական առաքելություն, որ տեղում գնահատի իրավիճակը», - ասաց վարչապետը:
Փաշինյանն ասաց, թե Հայաստանը ոչ մեկի առաջ դուռը չի փակում ու ասում՝ «չէ, հանկարծ դուք չգաք, դուք կգաք»:
«Բայց կան միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են նման դերակատարում ունենալ, օրինակ, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, և այլն: Դիրքորոշումների փոփոխություն երբեք էլ տեղի չի ունեցել, մենք երբեք չենք բացառել, որ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելություն կլինի», - ընդգծեց ՀՀ վարչապետը:
Խոսելով խաղաղության դարաշրջանի մասին՝ նա ասաց, թե ինչքան սուր է վիճակն, այնքան ավելի սուր է խաղաղության անհրաժեշտությունը:
«Խաղաղության մասին խոսել դեռ չի նշանակում հայտարարել, որ այդ խաղաղությունը այլևս հաստատված է: Նույնիսկ, եթե մի ամիս չեն կրակել, դա դեռ չի նշանակում, որ խաղաղություն է, նույնիսկ, եթե կես տարի, երեք տարի չեն կրակել, դա դեռ չի նշանակում, որ խաղաղություն է, խաղաղությունը շատ լուրջ, ինստիտուցիոնալ երևույթ է, բայց խաղաղությունն անհրաժեշտություն է ու մենք պետք է գնանք դրա հետևից», - հայտարարեց վարչապետը: