01/10/2022 10:51
«Հրապարակ». Իշխանությունը սկսել է տեսչական մարմինների ղեկավարներին փոխելու գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը սկսել է տեսչական մարմինների ղեկավարներին փոխելու գործընթացը, ինչի մասին մենք գրել էինք սեպտեմբերի 2-ին։ Տևական ժամանակ է՝ աշխատանք են տանում այդ ուղղությամբ․ դոսյեներ են կազմվում, քննարկվում է, թե ում ինչպես և ումով են փոխարինելու։ Մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքից ազատվել է տեսչականի 2 ղեկավար՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պետ Գեղամ Շահբազյանը, ում ազատման դիմումը հրապարակվեց երեկ, և լուրեր կան, որ նրան անգործ չեն թողնի․ նշանակում են Պոլիտեխնիկի Շիրակի մարզի մասնաճյուղի ռեկտոր։ Իսկ օրեր առաջ էլ, մեր տեղեկություններով, ազատվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ում մասին ևս գրել էինք սեպտեմբերի 2-ին։
Գրել էինք, որ տեսչական մարմինների ղեկավարների և տեսչականների աշխատանքը համակարգողի ործունեությունից Փաշինյանը դժգոհ է և որոշել է փոխել։ Իսկ այս զտումները նախապատրաստելու գործը դրված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Աշոտ Առուշանյանի վրա, ով նախկինում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր և այստեղ աշխատանքի է անցել 2022-ի ապրիլին։ Թիրախում է նաև Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը։ Գործադիրում կարծում են, որ ներկայիս տեսչություններում անաշխատ եկամուտ են ստանում՝ ոչինչ չեն անում, բայց բարձր աշխատավարձ են ստանում, ուստի այդ պաշտոնները պետք է զբաղեցնեն իրենց մարդիկ։ Պետության բյուջեի հաշվին լավություն անելն ամենատարածված երևույթն է այս իշխանությունների պարագայում»։