03/10/2022 17:53
Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ համակողմանի վերլուծության ենթարկել տեսանյութերը՝ նաև ռազմական հանցագործությունների հատկանիշների տեսանկյունից․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է տեսանյութը, որտեղ երևում է, որ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են մի խումբ հայ ռազմագերիների։
«Ցուցադրված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության տեսարաններով։ Միջազգային հումանիտար իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրամասն հետաքննվեն։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ համակողմանի վերլուծության ենթարկել տվյալ տեսանյութերը, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների տեսանկյունից։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-նշել է Զախարովան։
Վերջինս հայտարարել է նաև, որ Ռուսաստանը շարունակում է ջանքերը՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
«Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ելնում ենք այն հանգամանքից, որ խաղաղությանն այլընտրանք գոյություն չունի։ Կողմերին պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն տրամադրել»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։