04/10/2022 17:59
Կորյուն Սերոբյանը՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ․ Վարդապետյանն անձամբ է առաջադրել թեկնածուին
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել․
«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նպատակով: Նիստն իրավազոր էր:
Նախագահող Վարդապետյանը նիստի մասնակիցներին առաջարկեց ներկայացնել Հանձնաժողովի դատախազ անդամների թեկնածուներին: Նշենք, որ թեկնածու կարող է առաջադրվել դատախազի առնվազն 3 տարվա ստաժ ունեցող դատախազը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների կողմից թեկնածու չներկայացվեց, գլխավոր դատախազն անձամբ առաջադրեց թեկնածուին՝ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կորյուն Սերոբյանին:
Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու համար նիստի մասնակիցները ձայների պարզ մեծամասնությամբ ընտրեցին Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ:
Քվեարկությունից հետո հրապարակվեցին արդյունքները, ըստ որի՝ Կորյուր Սերոբյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ՝ 38 կողմ, մեկ դեմ ձայնով»: