06/10/2022 17:00
«Եթե դա լիներ պաշտոնական հայտարարություն, կմեկնաբանեինք»․ Զախարովան՝ «Հայկական ժամանակ»-ի հրապարակման մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ լրագրողի խնդրանքով անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում հոկտեմբերի 4-ին հրապարակված հոդվածին, որում, վկայակոչելով «հավաստի աղբյուրին», նշված է, թե «ինչ ցանկություններ ունի Ռուսաստանը Հայաստանի վերաբերյալ»։
Զախարովայի խոսքով՝ եթե տվյալ հոդվածում նշվում է, որ ՌԴ-ն ինչ-որ ճնշում է գործադրում ՀՀ-ի վրա, ապա այդ հարցի պարզաբանման համար պետք է դիմել ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք կամ հաստատեն, կամ հերքեն այդ տեղեկությունը:
«Եթե դա լիներ պաշտոնական հայտարարություն, կմեկնաբանեինք, բայց, ներողություն, «հավաստի աղբյուրին» հղումը մեր կոմպետենցիան չէ: Եվ, որ ամենակարևորն է, խոսքն այլ երկիր մասին է, որտեղ կան իշխանություններ, որոնք կարող են միանգամայն հանգիստ ու բաց այդ մասին խոսել», - ասել է Զախարովան: