06/10/2022 20:16
Կոտայքի մարզի տրանսպորտային ցանցի արդիականացումը վերջնական փուլում է (Տեսանյութ)
Կոտայքի մարզի տրանսպորտային ցանցի արդիականացումը վերջնական փուլում է։ Նոր ու հարմարավետ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները գրեթե ամբողջությամբ համայնքային և միջհամայնքային երթուղիներում են, տեղեկացրել է «Մուլտի տրանսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Դալլաքյանը։
«Մոտակա 7-8 օրերի ընթացքում ևս 2 երթուղի կհանձնվի շահագործման։ Ունենք ևս 6 տրանսպորտային միջոց՝ ավտոբուսներ, գտնվում են Վլադիկավկազից դեպի Վերին Լարսի անցակետ տարածքում, հուսով ենք՝ առաջիկա 2-3 օրվա ընթացքում կստանանք 6 ավտոբուսները և ամբողջությամբ փակված կլինի մարզի տրանսպորտային սպասարկման հարցը»,- ասել է նա։
Կոտայքի մարզում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը պայմանագրով նախատեսվածից ավելի շատ տրանսպորտային միջոցներ է ներգրավել՝ 150-ի փոխարեն՝ 220 ավտոբուս ու միկրոավտոբուս։
«Մուլտի տրանսպորտ»-ը համայնքների ղեկավարների հետ քննարկում է նաև ուսանողների անվճար կամ ցածր ուղեվարձով երթևեկության կազմակերպման հարցը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում