07/10/2022 11:25
Նիկոլ Փաշինյանը, ով խրախուսում էր քաղաքական հայացքների արտահայտումը կրթական հաստատություններում, այսօր ոչ միայն մերժում է, այլև՝ պատժում իր քաղաքական հայացքները չկիսողներին. Պատգամավոր
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, երեկ գիշեր կալանքից ազատված քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին կրթության իրավունքից զրկելը անթուլատրելի է, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Իհարկե, մայիսի 8-ին Գյումրու մերձակայքում արձանագրված տարեցների ծեծկռտուքը խիստ դատապարտելի է, բայց, երբ այդ քրգործը դառնում է քաղաքական մահակ, ևս անկարելի է: Գիտեմ, որ տարեցների գերակշիռ մասը երիտասարդների դեմ բողոք չեն ներկայացրել, ինչը հանրային համերաշխության կարող էր բերել, որը պետք է խրախուսել, այլ ոչ թե շարունակել թշնամանք սերմանել:
Բայց մայր բուհի պահվածքը այս իրավիճակում խիստ տարակուսելի է: Երբ Արևելագիտության ֆակուլտետի դասախոսները պատրաստակամություն են հայտնել անգամ կալանավայր գնալ և այնտեղ քննություններ ընդունել Տարոն Մանուկյանից, մերժում են ստացել, մեկ բանի մասին է վկայում. հրահանգ կա քաղաքական այլախոհին զրկել կրթության իրավունքից:
Կարծում եմ՝ ԵՊՀ-ն պետք է վերանայի իր որոշումը և հնարավորություն տա ուսանողին շարունակել կրթությունը:
Ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին խրախուսում էր քաղաքական հայացքների արտահայտումը նաև կրթական հաստատություններում, ու ինքն էլ գնում էր հենց այդ ճանապարհով, այսօր ոչ միայն մերժում է, այլև պատժում իր քաղաքական հայացքները չկիսողներին:
ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 1-ին մաս. «յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք»: Ու սա քննարկման ենթակա չէ»,-Facebook-ում գրել է Թովմասյանը: