Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը առանձնացրել է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպման արդյունքով ընդունված համատեղ հայտարարության արձանագրումները:
« 1. Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով։ Հետևաբար, Ադրբեջանի ապագա ագրեսսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին՝ նաև կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի արդեն իսկ օկուպացված հատվածը:
Հիշեցնեմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը 2022թ. հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի դեմ լինելու պատճառով առաքելությունն այդպես էլ չուղարկվեց։
2. Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից»,- Facebook-ի իր էջում գրել է Մարուքյանը:
Հիշեցնենք՝ երեկ Պրահայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպումը. հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն:
Ըստ այդ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, կտեղակայվի ԵՄ քաղաքացիական առաքելություն:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: