Ադրբեջանը տորպեդահարում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը, Սամարղանդում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ցավոք, Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը տորպեդահարվում են Բաքվի ռազմական հռետորաբանությամբ և ռազմական գործողություններով», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը։
Սիմոնյանի խոսքով` սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը և հրադադարի ռեժիմը, լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։
«Ադրբեջանի հարձակողական գործողությունների արդյունքում Հայաստանն ունի հարյուրավոր զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ և ռազմագերիներ, կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում, զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից»,- հավելել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ ռազմագերիների մահապատժի սահմռկեցուցիչ դեպքեր են արձանագրվել։
«Այս համատեքստում անհրաժեշտ է պատշաճ միջազգային հետաքննություն անցկացնել և այդ վայրագությունների մեղավորները պետք է պատժվեն: Ցավոք, միջազգային և տարածաշրջանային կառույցների միանշանակ և նպատակային արձագանքի բացակայությունը թույլ տվեց Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: