31/10/2022 15:13
Հիմա հանգստացել ենք, ոնց որ պատերազմից հետո ենք հանգստանում, ասում՝ «մեկ էլ եսիմ երբ կլինի». մենք փշերի վրա ենք. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են ուսուցանում մանկապարտեզներում, դպրոցներում ու, ընդհանրապես, հանրությանը՝ ինչ անել արտակարգ իրավիճակների ժամանակ:
«Հիմա բյուջեի նախագիծն ենք քննարկում, երկրաշարժ սկսվեց՝ ի՞նչ ենք անելու, մտնե՞նք սեղանի տակ, թե՞ չմտնենք, ո՞ւր գնանք», - հարց հնչեցրեց Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին Հանրային հեռուստաընկերությունը նման հաղորդում ունեցել է, հիմա՝ չկա:
«Հիմա հանգստացել ենք, ոնց որ պատերազմից հետո ենք հանգստանում, ասում՝ «մեկ էլ եսիմ երբ կլինի»: Մենք փշերի վրա ենք, էդ փշերը զգո՞ւմ ենք, ձեր միջոցով, ձեր ծրագրերի միջոցով պիտի զգանք», - ընդգծեց ՔՊ-ականը:
Փոխնախարար Գրիգորյանն էլ վստահեցրեց՝ լայն թափով են նման աշխատանքներ իրականացնում:
«Իրականացվում է դպրոցներում, մանկապարտեզներում, ուսումնական հաստատություններում, ՏԻՄ-երում, հեռուստատեսությամբ, հնարավոր է՝ ձեր ակնկալածի չափով նյութերը քիչ են, բայց հիմա պատրաստում ենք սոցիալական հոլովակներ», - ասաց Գրիգորյանը: