09/11/2022 11:45
Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի երկարաձգման միջնորդությունը չի մերժվել. Դատախազություն
Շփոթմունքի կամ դիտավորության արդյունքում զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում լուրեր են տարածվում, թե փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի երկարաձգման միջնորդությունն է մերժվել, հետևապես փաստաբան Է.Ա.-ն ազատ է արձակվելու, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Գլխավոր դատախազությունը հարկ է համարում տեղեկացնել, որ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանի՝ նախօրեին «Facebook» սոցիալական ցանցում արված գրառումը վերաբերում է մեկ այլ քրեական վարույթի շրջանակում մեկ այլ անձի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելու մասին որոշմանը:
Նշված գործով Է.Ա.-ն հանդիսացել է պաշտպան և այն որևէ առնչություն չունի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման հետ, որով բավարարվել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, և փաստաբան Է.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառվել է երկու ամիս ժամկետով», - ասվում է դատախազության հաղորդագրությունում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Կալանավորվել է նաև նույն գործով անցնող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը: Ավելի ուշ դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։ ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել են դատավորը և փաստաբանը, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվում է օժանդակությունը, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Ինքը՝ Ալեքսանյանը, հայտարարել է՝ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
«Սա ինձ լռեցնելու փորձ է։ Ես բացարձակապես կալանավորվելուց չեմ վախենում, ես քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլև որևէ առնչություն չունեմ նրա հետ, ինչ ինձ վերագրվում է», - ասել էր նա։
Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով մանրամասներ էր հաղորդել։