
09/11/2022 15:20
ԵՄ առաքելության դիտորդական խմբի ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և նույն ենթապատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։
Երախտագիտություն հայտնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար՝ մարզպետը ներկայացրել է ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները՝ նշելով, որ այս պահին մարզի հրետակոծությունից տուժած բնակավայրերում աշխատանքներ են իրականացնում նաև ԵՄ առաքելության դիտորդական և փաստահավաք խմբերը, որոնց ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում։
Անդրադարձ է կատարվել նաև Վարդենիսի որոշ բնակավայրերից տեղահանվածների վերադարձի, որոշ ընտանիքների բնակարանային խնդիրների, նրանց ժամանակավոր կացարաններով ապահովելու, ՀՀ Կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ցուցաբերած աջակցության, անվտանգային խնդիրներից ելնելով նշված բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների ոչ լիարժեք իրականացման, հակառակորդի կողմից գյուղտեխնիկայի ոչնչացման և առևանգման, սահմանային բնակավայրերում տիրող այլ իրավիճակների, որոնց կարգավորումը անհրաժեշտ և հրատապ է։
Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի՝ Կարմիր խաչը նախատեսում է վերջին հրետակոծությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տուժած որոշ բնակավայրերի բնակիչների ցուցաբերել ֆինանսական աջակցություն և մեկ բնակավայրի որոշ տնտեսությունների հրետակոծության հետևանքով վնասված ջրատաքացուցիչները փոխարինել նորով։
Քննարկման փուլում է երկու բնակավայրի համար շարժական բուժկետի տրամադրման, դիահերձարաններին համապատասխան սարքավորումների և կահույքի տրամադրման, բնակավայրերի վնասված ջրագծերի վերականգնման նպատակով նախագծային աշխատանքների ֆինանսավորման, արտակարգ իրավիճակների մասնագետների վերապատրաստմանն ուղղված ծրագրերը։
Գեղարքունիքի մարզպետարանը Կարմիր խաչին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը կնպաստի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերում իրականացվող ծրագրերի հասցեական և նպատակային լինելուն։