
11/11/2022 22:13
Հայաստանը 2007-ին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է. մենք ինչքա՞ն պետք է սա չարձանագրենք. Նիկոլ Փաշինյան
Լրագրողն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայաստան է և վե՞րջ, թե՞ Հայաստանը վաղուց ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է:
Վարչապետն էլ պատասխանեց՝ այս իրավիճակում, եթե ուզում ենք աղետների առաջ չկանգնեցնել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, այդ վետոյով միայնակ ամբողջ աշխարհի դեմ կռիվ չպետք է տալ, որովհետև չենք կարող:
Շարունակելով թեման՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե 1996 թվականին ամբողջ միջազգային հանրությունն արձանագրել է, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
«Գուցե խնդիրը նրա մեջ է, որ մենք իրականությունը հարաբերության հետ ճիշտ չենք կառուցում։ Իրականում, ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն էլ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այո՛, Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Ի վերջո, մենք ինչքա՞ն պետք է սա չարձանագրենք», - Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ գուցե մեր բոլոր խնդիրները գալիս է նրանից, որ «մենք շարունակում ենք դա չտեսնել ու չենք ուզում դա տեսնել»:
«Երբ որ մենք ասում ենք 1991 թվականի Ալմաթիի հռչակագիր, գիտե՞նք՝ ինչի մասին ենք խոսում։ Այսօր այդ փաստաթուղթը հանդիսանում է մեր օրենսդրության մաս։ Դա վավերացվել է ՀՀ գերագույն խորհրդի կողմից՝ 1992 թվականի փետրվարին: Եթե հիմա ես ասեմ, որ ես չեմ ընդունում Ալմաթիի հուշագիրը, կնշանակի, որ ես ասում եմ՝ ՀՀ օրենսդրությունը չեմ ընդունում», - ընդգծեց Փաշինյանը: