11/11/2022 21:23
Բանակցություններում չկա մի նախադասություն, որ ես արտասանեմ, և դրա մասին ԼՂ նախագահը տեղյակ չլինի. Նիկոլ Փաշինյան
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այս ընթացքում տասնյակ հանդիպումներ ենք ունեցել և ունենում, և ամեն ինչ չէ, որ լուսաբանում ենք, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականից որևէ բանակցության մեջ իմ արտասանած որևէ նախադասություն չկա, որից Լեռնային Ղարաբաղի իշխանությունը տեղյակ չէ։ Սրանում չափազանցություն չկա», - ասաց վարչապետը՝ արձագանքելով Արցախում տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ հարցին։
Փաշինյանն ասաց, թե ամեն բանակցությունից առաջ և հետո Արայիկ Հարությունյանի հետ զրույց են ունենում։ Բացի այդ, վարչապետի խոսքով, Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի հետ ընդհանուր ըմբռնում կա ռազմավարությունների և պատկերացումների մասին։
Լրագրողի հարցին, թե երբ Արցախի պատվիրակությունը Երևանում էր, ինչու է նրանց 4 օր հետո միայն ընդունել՝ Փաշինյանը պատասխանեց, թե հերթականություն է եղել։
«Նրանք, մինչ այդ, այլ հանդիպումներ են ունեցել նախագահի, ԱԺ-ի ղեկավարության հետ»։