11/11/2022 17:50
Արցախում շինարարության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 7 տոկոսով
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում իրականացվել է 46,5 միլիարդ դրամի շինարարական աշխատանք, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,1 տոկոսով:
Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի խոսքով՝ շինարարության ոլորտում հետպատերազմյան ժամանակաշրջանում այս ցուցանիշը շարունակաբար աճել է:
«Ունեցել ենք 46,5 միլիարդ դրամի շինարարական աշխատանքների ծավալ: Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ ամենամեծ մասնաբաժինը կազմում է պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարությունը՝ 51,3 տոկոս, մարդասիրական օգնության միջոցներով՝ 24,4 տոկոսը, իսկ 20,3 տոկոսը՝ կազմակերպությունների»,-լրագրողներին ասել է Մինասյանը:
Ըստ տնտեսական գործունեության տեսակների՝ շինարարության ծավալում մեծ է բնակարանաշինության կշիռը՝ մոտ 45 տոկոս, փոխադրումների և պահեստային տնտեսության մասնաբաժինը կազմում է շուրջ 21 տոկոս, իսկ հանքագործության ոլորտինը՝ 15,5 տոկոս: