11/11/2022 21:18
Առանց ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման՝ ՌԴ խաղաղապահները ուղղակի չեն կարող դուրս գալ. Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգման հարցում Սոչիում փոխըմբռնում չի եղել, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց, իմ կարծիքով, խաղաղապահների թեման կարևոր է», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի՝ նոյեմբերի 8-ի ելույթը Սոչիի հայտարարության խախտում է:
«Եթե ընդամենն ութ օր առաջ Ադրբեջանի նախագահը ստորագրել է թուղթ, որտեղ ասում է, որ խաղաղապահների գործունեությունը պահանջված է կայունության ապահովման համար ու 8 օր հետո խոսել մի լեզվով, որը հակասում է այդ տրամաբանությանը…», - ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ տեսականորեն 2025 թվականից հետո կարող է պահանջված չլինել խաղաղապահների ներկայությունը, եթե ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման հետ կապված բոլոր երաշխիքները ստեղծված լինեն:
«Ես ուզում եմ ասել, որ ՌԴ խաղաղապահները, առանց նման երաշխիքների հստակ ձևակերպման, չեն կարող դուրս գալ, ուղղակի չեն կարող: ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ շփման գծի երկայնքով ու Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ՌԴ դաշնային խորհրդի ընդունած որոշման հիման վրա ու այդ որոշումը, եթե կարդանք, կտեսնենք՝ գրված է, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու ու թույլ չտալու համար», - ընդգծեց վարչապետը:
Փաշինյանն ասաց, թե եթե Ռուսաստանն ուզենա դուրս գալ ԼՂ-ից, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:
«Եթե Ռուսաստանը ցանկություն կամ կարողություն չունի դա ապահովելու, պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ, ասի՝ «տեսեք, ես ֆիքսել եմ սպառնալիքը, բայց չեմ կարողանում կամ չեմ ուզում հասցեագրել, հետևաբար դիմում եմ, որ այս հարցը լուծեք, ես գնում եմ, թող ուրիշ մարդիկ գան»», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: