12/11/2022 15:05
Թուրքիայում չեն աջակցում Հայաստանի հետ խաղաղության հասնելու օրակարգին. Վարուժան Գեղամյան
2019 թվականի ապրիլից Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Էրդողանի ցուցումով ամբողջապես փոխվում է, թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսին ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը
«2019 թվականի ապրիլի 24-ին մենք ունենում ենք ոչ թե ելույթ, որտեղ քննարկվում է ընդհանուր ցավը, որին հղում է կատարում Ժիրայր Լիպարիտյանը ( ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական), ոչ թե համատեղ կեցությանը կամ այլ բաների, այլ խոսվում է Հայաստանի ու հայության դեմ ուղղված մեղադրանքների մասին ու փաստացի հայտարարվում է արցախյան գալիք պատերազմում Թուրքիայի մասնակցության հիմնավորման մասին: Այդ ելույթից հետո թուրքագետներս բարձրաձայնեցինք սրա մասին հնարավոր բոլոր ձևաչափերով՝ թե՛ մամուլում, թե՛ փակ հանդիպումներով, բայց, որպես կանոն, մենք ստացանք պատասխանը, թե մենք էլի ընկել ենք պատմության գիրկը և դա իրականության հետ կապ չունի», - ասաց նա:
Գեղամյանի խոսքով` 2020 թվականի պատերազմից հետո, երբ ակնհայտ դարձավ Թուրքիայի մասնակցությունը պատերազմին ոչ թե միջնորդավորված է, այլ՝ ուղիղ, դրանից հետո սկսեցին ակտիվ քարոզել, թե Հայաստանում իրենք են հրահրում թշնամանք թուրքերի նկատմամբ:
«Մենք տեսնում ենք ոչ միայն Էրդողանի բերանից արտասանված հակահայկական թեզեր, այլ, ըստ էության, այդ թեզերի տիրաժավորում՝ հասարակության լայն շրջանակում: Թուրքիայում չեն աջակցում Հայաստանի հետ խաղաղության հասնելու օրակարգին: Մեզ ասում են, որ մենք թուրքագետ չենք, այլ թուրքատյաց ենք, փաստորեն, մեզնից պահանջում են, որ մենք ոչ միայն դավաճանենք հայրենիքը, այլ նաև՝ գիտությանը, որովհետև գիտությունը մեզ ապացուցում է, որ ունենք պետություն, որը հակահայկական է թե՛ իր պետական հռետորաբանությամբ, թե՛ իրականացրած քայլերով», - հայտարարեց թուրքագետը:
Գեղամյանն ընդգծեց՝ Թուրքիայում հակահայկականությունը ոչ թե նվազել է, այլ՝ աննախադեպ ծավալներով ավելացել: