
12/11/2022 12:58
Նիկոլ Փաշինյանը երեկ բացեց ևս մեկ թուրքական նախապայման բավարարելու ու հասարակությանը խաղաղությամբ շանտաժ անելու նոր ճանապարհը. Թուրքագետ (Տեսանյութ)
Թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը պնդում է՝ որևէ թուղթ, որևէ պայմանագիր չի երաշխավորելու խաղաղություն:
«Երեկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր՝ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրեմ, 12 ժամ հետո պատերազմ սկսկի: Այսինքն՝ հենց ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում անել ու իր տեսությունն ինքն է հենց համարում սխալ, բայց դրանով գնում ընտրությունների», - ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ 2021 թվականի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի խոստումը դա էր՝ «գնում եմ խաղաղություն հաստատեմ»:
«Հիմա էլ ասում է՝ կներեք, ոնց որ թե չի ստացվում խաղաղություն հաստատելը: Այս ամենը մեր պետությանն ու հասարակությանը տանելու է դեպի սպանդանոց, բայց պրագմատիզմի անվան տակ», - նշեց նա:
Մելքոնյանն ասաց, թե պայքարողներին, Հայաստանում տեղի ունեցածին չհամակերպվողներին անվանում են «ռևանշիստներ»:
«Եթե մենք ռևանշիստ ենք, ապա թող լինենք. ավելի լավ է լինել ռևանշիստ, քան՝ խաղաղություն մուրացող ու այդպես էլ այդ խաղաղությանը չհասնող», - ընդգծեց պրոֆեսոր Մելքոնյանը:
Նա հիշեցրեց երեկ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում հնչած թեզը, թե անկախության հռչակագիրը խնդրահարույց է ու պետք է վերանայել:
«Անկախության հռչակագրում սևով սպիտակի վրա գրված է հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը, որով Հայաստանը հանձնառու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Տարբեր տարիներին թուրքական իշխանությունները դրել են իրենց նախապայմանների հիմքում, որ Հայաստանը պետք է վերանայի, փոխի իր անկախության հռչակագիրն ու այդ կետը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Երեկ, իմ գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը բացեց ևս մեկ թուրքական նախապայման բավարարելու ու հասարակությանը խաղաղությամբ շանտաժ անելու, մոլորեցնելու նոր ճանապարհը», - հավելեց Ռուբեն Մելքոնյանը: