16/11/2022 19:25
ԱԱԾ-ում կայացել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ին N 1236-Ա որոշմամբ ստեղծված գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
Նախքան օրակարգի հարցերին անցնելը բացման խոսքով հանդես է եկել հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը:
Ողջունելով ներկաներին՝ Արմեն Աբազյանը ներկայացրել է նոր ձևավորված հանձնաժողովի խնդիրները և հույս հայտնել, որ հանձնաժողովի վերանայված կազմն ու գործառույթները թույլ կտան առավել համակարգված և փոխհամաձայնեցված եղանակով իրականացնել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց որոնողական և վերադարձնելու աշխատանքները:
«Այնուհետև տեղի ունեցավ գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպությունների ընտրություն: Դիմում ներկայացրած կազմակերպություններից ընտրվեցին երեքը՝ «Լույսի ճրագ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովի նախագահի կողմից հանձնաժողովի անդամներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ: Հանձնաժողովը որոշել է հաջորդ նիստը գումարել 2022 թվականի դեկտեմբերի 16-ին և օրակարգում ընդգրկել հարցեր՝ ըստ տրված հանձնարարականների: