19/11/2022 20:05
Ռուսաստանը ոչ թե խաղաղության է ձգտում, այլ ռազմական գործողությունների կարճ դադարի՝ շունչ քաշելու և ուժերը վերականգնելու համար․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորության մասին հայտարարություններ հնչեցնելով՝ Ռուսաստանը ձգտում է ոչ թե խաղաղություն հաստատել, այլ ռազմական գործողությունները կարճաժամկետ դադարեցնել՝ շունչ քաշելու և ուժերը վերականգնելու համար։
«Ռուսաստանը ձգտում է կարճաժամկետ հրադադարի, պաուզայի, որպեսզի վերականգնի ուժերը։ Ոմանք դա կարող են անվանել պատերազմի ավարտ, բայց այդպիսի դադարը միայն էլ ավելի կսրի իրավիճակը»,- հայտարարել է Զելենսկին՝ Կանադայի Հալիֆաքս քաղաքում ընթացող անվտանգության միջազգային ֆորումում առցանց ելույթի ժամանակ, որի տեսագրությունը տեղադրել է Telegram-ի իր ալիքում։
Զելենսկին նշել է նաև, որ տարածքային զիջումները, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանության զիջումները խաղաղություն չեն երաշխավորում, իսկ «ոչ բարոյական» փոխզիջումները նոր զոհերի կհանգեցնեն։
Ուկրաինայի նախագահը վերահաստատել է նաև 10 կետից բաղկացած խաղաղության իր «բանաձևը»։ Զելենսկու առաջարկած տարբերակի առաջին երեք կետերը վերաբերում են ռադիացիոն և միջուկային, պարենային և էներգետիկ անվտանգությանը։