19/11/2022 18:37
Միխայիլ Սահակաշվիլու մայրը հայտարարել է՝ որդուն սնդիկով թունավորել են
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացությունը ցույց է տվել, որ նրա օրգանիզմում ծանր մետաղների, այդ թվում՝ սնդիկի պարունակությունը գերազանցում է նորման։ Այդ մասին հայտարարել է Սահակաշվիլու մայրը՝ Գուլի Ալասանիան՝ վրացական Mtavari Arxi հեռուստաընկերության եթերում։
«Եզրակացության համաձայն՝ նրա օրգանիզմում սնդիկ է եղել։ Նաև բարիում, թալիում կա։ Թե ինչպես են դրանք հայտնվել նրա օրգանիզմում, անհասկանալի է, բայց համաձայն բժշկական եզրակացության՝ դրանք կան։ Առկա է թունավորում ՝ ինտոկսիկացիա, ինչը նաև հիմք է ստեղծում նրան անհապաղ ազատ արձակելու համար»,- հայտարարել է Սահակաշվիլու մայրը։
Նա հավելել է, որ Միխայիլ Սահակաշվիլին մեկուսացված է եղել (կալանավայրում – խմբ․) և չէր կարող ինքնուրույն հասանելիություն ունենալ նման նյութերի։
Նշենք, որ ավելի վաղ Սահակաշվիլու փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտարարել էր, որ իր պաշտպանյալի մոտ ձախ ձեռքի ատրոֆիա է սկսվել։ Նա նշել էր նաև, որ բժիշկները 30-ից ավելի ախտորոշում են արել՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու մոտ առկա հիվանդությունները պարզելու համար, նրա մոտ կասկածվում է նաև դեմենցիա և տուբերկուլյոզ։
«Մենք սպասում ենք, կասկածներ կան, հետազոտությունները շարունակվում են։ Ես նկատի ունեմ կասկածները՝ դեմենցիայի և տուբերկուլյոզի, ինչպես նաև 34 այլ հիվանդությունների առկայության հետ կապված»,- ասել էր Խաչապուրիձեն։