
21/11/2022 18:33
Ռուսաստանն ինքնուրույն կգտնի նրանց, ովքեր գնդակահարել են ռուս ռազմագերիներին․ Կրեմլ
Ռուսաստանն ինքնուրույն կզբաղվի ռուս ռազմագերիներին գնդակահարած անձանց հայտնաբերելու գործով․ նրանք պետք է գտնվեն և պատժվեն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Անկասկած, Ռուսաստանն ինքնուրույն է զբաղվելու այդ հանցագործության հեղինակներին հայտնաբերելու գործով։ Նրանք պետք է գտնվեն և պատժվեն։ Ռուսաստանը միջազգային մեխանիզմների շրջանակում կանի հնարավոր ամեն ինչ՝ ուշադրություն հրավիրելու այս հանցագործության վրա և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր այդ հանցագործությանն առնչություն կարող էին ունենալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Դմիտրի Պեսկովը միևնույն ժամանակ կասկածի տակ է դրել նշված հանցագործությունը կատարածների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու արդյունավետությունը։
«Դա կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, եթե տեսանելի լինեն արդյունավետության կամ արդյունավետության հույսի նշաններ։ Եթե ոչ, ապա միջազգային հետախուզում հայտարարելը ոչ մի իմաստ չի ունենա»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից ռուս ռազմագերիների զանգվածային գնդակահարության փաստով։ Քրեական գործի հարուցման համար հիմք է ծառայել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ուկրաինացի զինծառայողները գնդակահարում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում իրենց կողմից գերեվարված 11 անզեն ռուս զինծառայողների։