21/11/2022 20:48
Ձմռանը Ուկրաինայից փախստականների նոր հոսք է սպասվում դեպի ԵՄ երկրներ․ Եվրահանձնակատար
Այս ձմռանը Ուկրաինայից փախստականների նոր ալիք կգա դեպի ԵՄ երկրներ, կանխատեսել է Եվրամիության ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բրետոնը։
«Եթե այս իրավիճակը շարունակվի նաև ձմռանը, ապա մենք պետք է սպասենք նոր միգրանտների, ապաստարան հայցողների նոր ալիքի, որոնք կպահանջեն իրենց թույլ տալ հատել սահմանը»,- ասել է եվրոպացի պաշտոնյան՝ BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ Եվրամիությունը ուկրաինացի փախստականների համար մնում է ապաստարան գտնելու հիմնական ուղղությունը։
Եվրահանձնակատարը միևնույն ժամանակ կոչ է արել շարունակել աջակցությունը Կիևին՝ նշելով, որ Եվրահանձնաժողովն արդեն առաջարկել է Ուկրաինային 18 միլիարդ եվրո հատկացնել՝ ռազմական ու հումանիտար կարիքների համար։
Նշենք, որ ԵՄ երկրներից միայն Ֆրանսիան փետրվարի վերջից սկսած՝ 106 000 ուկրաինացի փախստական է ընդունել իր հարկի տակ։ Ըստ France-Presse գործակալության, նրանց կեցության ծախսերը հոգալու համար հատկացվել է մոտ 600 միլիոն եվրո այն դեպքում, երբ այս ընթացքում փախստականների մի մասը որոշում է կայացրել լքել երկիրը և բնակության այլ վայր է ընտրել։