21/11/2022 20:35
Հատուկ ռազմական գործողության նպատակը Ուկրաինայում իշխանափոխությունը չէ․ Պեսկով
Հատուկ ռազմական գործողության նպատակը Ուկրաինայում իշխանության փոփոխությունը չէ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինայում իշխանության փոփոխությունը հատուկ ռազմական գործողության նպատակը չէ, նախագահ Պուտինն այդ մասին արդեն հայտարարել է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Վլադիմիր Զելենսկու իշխանության տապալումը հանդիսանու՞մ է արդյոք Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության նպատակը։
Կրեմլի ներկայացուցիչը միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը ձգտում է հասնել հատուկ ռազմական գործողության խնդիրների ամբողջական իրականացմանը։
«Այդ նպատակներին հասնել հնարավոր է տարբեր միջոցներով՝ տարբեր ձևաչափերում»,- հավելել է նա։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնտանտին Կոսաչովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Ուկրաինայում իշխանափոխությունից հետո, քանի որ գործող իշխանությունները չունեն մանևրելու ազատություն, իրենց նախորդ գործողությունների և գաղափարախոսության «գերին են»։