22/11/2022 18:50
ՌԴ պետդուման աշխարհի խորհրդարաններին կոչ է արել դատապարտել ռուս ռազմագերիների գնդակահարությունը
ՌԴ պետդուման այսօր կայացած լիագումար նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել, որով կոչ է արել աշխարհի խորհրդարաններին՝ դատապարտել Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից գերեվարված ռուս զինծառայողներին մահապատժի ենթարկելու փաստը։
«ՌԴ պետդումայի պատգամավորները վրդովմունք են արտահայտում Կիևի ռեժիմի հերթական արյունալի հանցագործության՝ գերության մեջ հայտնված ռուս զինծառայողներին գնդակահարելու կապակցությամբ։ ՌԴ պետդումայի պատգամավորներն աշխարհի պետությունների խորհրդարաններին կոչ են անում միանշանակ դատապարտել Կիևի ռեժիմի հանցագործությունները, նպաստել անմարդկային արարքի անմիջական կատարողներին, ինչպես նաև նրանց հովանավորներին պատասխանատվության ենթարկելու հործին»,- նշված է հայտարարությունում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ռազմագերիների դիտավորյալ սպանությունը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականին ընդունված Ժնևի կոնվենցիայի, մարդու իրավունքների միջազգային չափանիշների, ներառյալ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին 1984 թվականին ընդունված եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտում՝ Ուկրաինայի կողմից։
Փաստաթուղթն ուղարկվելու է Միջխորհրդարանական միություն, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ինչպես նաև ՄԱԿ անդամ երկրների խորհրդարաններ։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից ռուս ռազմագերիների զանգվածային գնդակահարության փաստով։ Քրեական գործի հարուցման համար հիմք է ծառայել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ուկրաինացի զինծառայողները գնդակահարում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում իրենց կողմից գերեվարված 11 անզեն ռուս զինծառայողների։