
24/11/2022 18:41
Երևանում վերաբացվել է Կանադայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում վերաբացվել է Կանադայի պատվո հյուպատոսի գրասենյակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Հայաստանում Կանադայի դեսպան (նստավայր՝ Մոսկվա) Էլիսոն Լը Քլերը խորհրդանշական է համարել այն, որ հենց այս տարի է բացվում Կանադայի հյուպատոսությունը, երբ նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
«Կանադան 1997 թվականից Հայաստանում ունեցել է հյուպատոսություն, որի նպատակն է եղել Հայաստանում բնակվող, սովորող և ճանապարհորդող կանադացիներին օգնություն տրամադրել։ Վերջին մի քանի տարիներին խզվածք եղավ, և Հայաստանում չկարողացանք ունենալ հյուպատոսություն, երկար ժամանակ այսօրվան սպասում էինք և ահա եկավ այդ օրը։ Այսօր հյուպատոսության բացումը հնարավոր չէր լինի առանց որոշ մարդկանց և կառույցների հետ համագործակցության ու ներդրված ջանքերի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հյուպատոսության բացման մեջ և հատկապես արտաքին գործերի նախարարության Ամերիկյան երկրների վարչություն պետ Արմեն Եգանյանին, ով նաև Կանադայում Հայաստանի դեսպան է եղել»,- ասել է Կանադայի դեսպանը։
Նա հիշեցրել է նաև, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին վերջերս հայտարարել էր Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացմելու մասին։
«Ինչպես շատերդ գիտեք, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին վերջերս հայտարարել էր, որ Կանադան Հայաստանում դեսպանատուն է բացելու։ Նախորդ տարվա ամռանը Կանադայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը զեկույց է ներկայացրել, որի մեջ նաև ներառվել էր այդ առաջարկը»,- ասել է Էլիսոն Լը Քլերը՝ հավելելով, որ նման քայլերը երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման հիմնաքարերն են։