26/11/2022 18:04
Ահաբեկիչները, ծայրահեղականներն ակտիվացել են, այդ պատճառով ցանկալի է, որ ԱՊՀ-ի ներսում հակամարտություններն արագ լուծվեն․ ԱՊՀ գործադիր քարտուղար
ԱՊՀ երկրների անվտանգության, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հերթական փորձագիտական խորհրդակցությունների մասնակիցները Բիշքեկում պայմանավորվել են համակարգել գործողություններն ահաբեկչության դեմ պայքարում, «Россия-24»-ի եթերում հայտարարել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ակտիվացրել ենք աշխատանքը ԱՊՀ տարածքում անվտանգության ոլորտում, ամրապնդել ենք փոխգործակցությունը այլ կազմակերպությունների հետ, որոնք նմանատիպ հարցերով են զբաղվում՝ ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության հետ։ Պայմանավորվել ենք անցկացնել անվտանգության ոլորտում միջազգային փորձագետների համաժողով, ինչպես նաև համատեղել անվտանգության ապահովմանն ուղղված որոշ զորավարժություններ, մասնավորապես՝ հակաահաբեկչական վարժանքներ»,- ասել է Լեբեդևը։
Նրա խոսքով՝ ԱՊՀ-ի ներսում տարաձայնություններից, վեճերից, ցավոք, օգտվում են նաև արտաքին ուժերը, որոնք ակտիվացրել են իրենց գործունեությունը։
«Ահաբեկիչները, միջազգային ծայրահեղականներն ակտիվացել են, այդ պատճառով ցանկալի է, որ որքան հնարավոր է արագ լուծվեն մեր ներքին հակամարտությունները, որպեսզի ուժերը, ռեսուրսները, որոնք, ցավոք սրտի, ծախսվում են ԱՊՀ ներսում հակամարտությունները կարգավորելու համար, ուղղվեն արտաքին սպառնալիքները հետ մղելուն»,- ասել է նա։