26/11/2022 19:07
Թեհրանի վարած քաղաքականության արդյունքում ԱՄՆ-ն ձախողվել է Իրաքում, Լիբանանում և Սիրիայում․ Ալի Խամենեի
Թեհրանի վարած քաղաքականությունը հանգեցրել է ԱՄՆ-ի պարտությանը Իրանի հարևան երեք երկրներում՝ Իրաքում, Լիբանանում և Սիրիայում, հայտարարել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։
«Մինչև Իրանի դեմ ագրեսիա սկսելը ԱՄՆ-ն մտադիր էր կաթվածահար անել մեր հարևան երկրները՝ նրանց համարելով Իրանի ռազմավարական թիկունք»,- Ալի Խամենեի խոսքերն է մեջբերել Shafaq News-ը։
Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը հավելել է, որ Վաշինգտոնը դեռևս 2006 թվականին ծրագրել էր իշխանափոխություն իրականացնել Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Լիբիայում, Սուդանում և Սոմալիում։
«Իրանը քայլեր չի ձեռնարկել Հյուսիսային Աֆրիկայում իր ազդեցությունն ամրապնդելու համար, սակայն Թեհրանի քաղաքականությունը Իրաքում, Լիբանանում և Սիրիայում հաջողությամբ է պսակվել և հանգեցրել է ԱՄՆ-ի պարտությանը՝ այս երեք պետություններում»,- ասել է այաթոլլահ Ալի Խամենեին։