26/11/2022 15:12
Թեև ազգային հերոսի՝ Ավոյի ծննդյան օրը պետական մակարդակով միջոցառումներ նախատեսված չէին՝ Եռաբլուրը մարդաշատ էր
Արարատի մարզի Ջրահովիտ գյուղից աշակերտների հետ Երևան հասնելն այնքան էլ հեշտ չէր, բայց չէինք կարող Ավոյի ծննդյան օրը հարգանքի տուրք չմատուցել,-ասում է Ջրահովիտի միակ դպրոցի ուսուցչուհին, որ աշակերտների հետ սեփական նախաձեռնությամբ Եռաբլուրում էր։
Հարցին՝ ինչ գիտեք ազգային հերոսի մասին, աշակերտներից մեկը պատասխանում է՝ Ավոն առանձնանում է, որովհետև ապահով կյանքը թողեց, եկավ հայրենիքը պաշտպանելու, մինչդեռ հաճախ պատահում է, որ այստեղ ապրողները դժվար օրերին լքում են սեփական երկիրը։
Ո՞րն է ձեր երազանքների Հայաստանը․ կարճ դադարից հետո, միասին պատասխանում են՝ խաղաղ Հայաստանը, աղջիկներից մեկը շտապ ավելացնում է՝ Արցախի հետ միասին։
Արցախի Չարեքթար գյուղը պաշտպանողներից Աշոտ Սևյանը Ավոյի շիրիմին մոտ կանգնած ազգային հերոսի անվանակիր փոքրիկին, որի հագուստի մի կողմում Հայաստանի եռագույնն է, մյուսին՝ Արցախի, բացատրում է՝ ճիշտ կլինի, որ մի օր երկու դրոշներն էլ նույնանան. ես, քո ծնողները շատ անելիք ունենք այդ օրվան հասնելու համար։
Փոքրիկի ծնողներն ասում են՝ երեխայի անունը մեծագույն հպարտությամբ են դրել ի պատիվ ազգային հերոսի, չնայած վերջին ժամանակների ողբերգություններին՝ հույս են հայտնում, որ իրենց փոքրիկը, հայ հանրությունն արժանի կլինեն Ավոյի արած գործին, բայց և ցավով ավելացնում են, որ հիմա անգամ սոցիալական ցանցերում չեն կարողանում պաշտպանել Ավոյի պատիվը. հերոսի և նաև իրենց փոքրիկի անունը գրելու համար պատահում է, որ պատժամիջոցների են արժանանում։
Մեդիափորձագետները տևական ժամանակ է՝ ահազանգում են՝ որպես ադրբեջանական քարոզչության հետևանք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ադմինիստրացիան հեռացնում է Ավոյի նկարները, արգելափակում է ազգային հերոսի անունը, լուսանկարը հրապարակած օգտատերերին։
Հերոսի ծննդյան օրը ՀՀ պետական և ոչ պետական բուհերից երեսուն ուսանողներ ազգային հերոսին «թվային կալանքից» ազատելու պահանջագիր ներկայացրին ՀՀ կառավարությանը։
Նախաձեռնության հեղինակներից Գուրգեն Դանիելյանն ասում է՝ խոստացան պահանջագրին ծանոթանալուն պես հետադարձ կապ ապահովել։
«Մեզ ոչ այնքան հետադարձ կապն է հետաքրքրում, որքան պետական մակարդակով գործուն քայլերը՝ Ավոյին թվային կալանքից ազատելու համար։ Մ. Մելքոնյանը արցախյան պայքարի խորհրդանիշներից է, ժամանակակից պատմության հերոսի կերպար. թշնամու քարոզչությունը միտված է խարխլելու հերոսի ինստիտուտը, հայ ժողովրդին զրկելու ազգային ինքնության վահանից։ Պետական մակարդակով է պետք հակազդել թշնամու քարոզչությանը»։