28/11/2022 18:18
Նախօրեին Ադրբեջանից ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր առաջարկների պատասխանները․ հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ․ Միրզոյան
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներից, արձագանքել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Իր ելույթներում անընդհատ նշելով, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի ասում, թե Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստը և զանազան «պատմական» քարտեզների հիշատակումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ:
Ադրբեջանի նախագահը հայտարարում է նաև, որ իր երկրի շուրջ խաղաղություն է հաստատված և էսկալացիայի վտանգ չկա, ապա այլ հարցին ի պատասխան` հայտարարում է, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիրը, ապա խաղաղություն չի լինի: Սա նշանակում է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա, հատկապես որ Հայաստանը լիարժեք ներգրավված է խաղաղության հաստատման բովանդակային քննարկումների մեջ»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ընթացող աշխատանքների վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարն ասել է․
«Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները:
Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են: Մենք հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը»։