28/11/2022 18:42
Դա Պուտինի ֆենոմենն է․ Պեսկովը՝ ՌԴ նախագահի վարկանիշի մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի հանրության վստահության բարձր մակարդակը երկրի ղեկավարի նկատմամբ՝ Վլադիմիր Պուտինի ֆենոմենն է։
«Մարդկանց աջակցությունը Պուտինին, նրանց վստահությունը երկրի ղեկավարի նկատմամբ, ամենակարևորն է։ Այս մեծ աջակցության վրա հիմնվելով էլ Պուտինը կայացնում է որոշումներ ու կատարում է իր աշխատանքը, նա ինքն է այդ մասին բազմիցս ասել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով ՌԴ նախագահի հանրային վարկանիշի վերաբերյալ նոր տվյալներին՝ Պեսկովը նշել է՝ ավանդական բարձր ցուցանիշներ են գրանցվել։
«Սոցիոլոգիական ծառայությունների ներկայացրած արդյունքներով՝ որոշակի շատ փոքր նրբերանգներ են տեղ գտնում, աննշան տատանումներ, փոփոխություններ՝ շաբաթից շաբաթ, ինչը մենք ֆիքսում ենք, բայց, ընդհանուր առմամբ, հանրության բարձր վստահության մակարդակը Պուտինի ֆենոմենն է։ Դա խոսում է այն մասին, որ նա արդյունավետ է աշխատում, իսկ ամենակարևորը՝ ինչը որ անում է, իրոք համապատասխանում է մարդկանց ակնկալիքներին»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի» կողմից նոյեմբերի 25-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Ռուսաստանի հանրության վստահության մակարդակը երկրի ղեկավարի նկատմամբ 78,7 տոկոս է կազմում։ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս հանրության 75 տոկոսը։