
29/11/2022 19:27
Քաղաքականության մեջ ոչինչ հնարավոր չէ բացառել․ Երվանդ Թարվերդյան
Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը Tert.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին։
–Պարո՛ն Թարվերդյան, ընդդիմության հանրահավաքներից հետո խորհրդարանական ուժերը միասնական որոշում չունեցան խորհրդարան գնալ–չգնալու վերաբերյալ և աստիճանաբար վերադարձան խորհրդարան, իսկ հիմա աստիճանաբար հրաժարվում են մանդատներից։ Դուք ի՞նչ եք կարծում, ճի՞շտ էր սեպտեմբերին խորհրդարան վերադառնալ՝ իշխանության օրակարգով։
–Ես այդ հանրահավաքներին դեմ չլինելով հանդերձ, որպես ՀՀ քաղաքացի, դեմ եմ եղել, որ նրանք չեն մասնակցել Ազգային ժողովի աշխատանքներին, որովհետև քաղաքացիները նրանց ընտրել են խորհրդարանում աշխատելու համար։ Չնայած իշխանությունները մեծամասնություն են խորհրդարանում և կարող են անցկացնել ցանկացած նախագիծ, բայց մի շարք կարևոր նախագծերի վերաբերյալ ժողովուրդը պիտի ընդդիմությունից իմանար թերությունները, խնդիրները և այլն։
Այն, որ ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ չվերադարձան Ազգային ժողով, եթե չեմ սխալվում, նրանք հայտարարել էին, որ չէին գնալու այդ խորհրդարան, եթե իրենց նպատակներին չհասնեն։ Եվ այն պատգամավորները, որոնց մասնագիտական ունակությունները ես հարգում էի, ափսոսում եմ, որ նրանք հրաժարվեցին մանդատներից, նրանք կարող էին օգուտ տալ պետությանը, նրանց ներկայությունն ԱԺ–ում, որպես փորձառու, գրագետ մասնագետների, ես կցանկանայի տեսնել, օրինակ՝ Արթուր Ղազինյանին, Արամ Վարդևանյանին։
–Այսօր «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ դադարեցնում է աշխատանքն ԱԺ–ում, կուսակցության ղեկավարն ու անդամները, բացի ազգային փոքրամասությանը ներկայացնող պատգամավորից, վայր դրեցին մանդատները։ Ինչի՞ հետևանք կարող է լինել սա։
– Դա ցույց է տալիս, որ «Հայաստան» դաշինքում մնաց միայն ՀՅԴ–ն, որը նույնպես հայտարարել էր, որ իր նպատակին չհասնելու դեպքում Ազգային ժողով չի վերադառնալու, բայց վերադարձավ, քաղաքական կուսակացություն է, ամենափորձառուն ՀՀ–ում, քաղաքականության մեջ ոչինչ հնարավոր չի բացառել։ Մամուլում նաև հրապարակումներ կան, որ որոշ պատգամավորներ ևս զրկվելու են անձեռնմխելիությունից, հետևանքը կարող է լինել մանդատից զրկվելը և չի բացառվում, որ «Հայաստան» դաշինքը դառնա «Դաշնակցություն» դաշինք։
–«Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածել է և նշել, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ ԱԺ–ից դուրս գալու որոշումը քննարկվել է, որևէ խնդիր չկա, երկուստեք հայտնել են իրար հետ աշխատելու մասին, բայց արդյոք կուսակցության այդ քայլը չի ենթադրո՞ւմ, որ դադարել են համագործակցել, դաշնակցել Վահե Հակոբյանն ու Ռոբերտ Քոչարյանը։
–Նախ, «Հայաստան» դաշինքը կարելի էր կոչել «Քոչարյան» դաշինք, որովհետև այդ երկու կուսակցությունները քաղաքական անձի հենասյուններն էին։ Միգուցե երկրորդ նախագահը որոշել է դուրս գալ քաղաքականությունից, և դրա արդյունքում է այս ամենն իրականացվում, համենայն դեպս, նրա վերջին մամուլի ասուլիսից կարելի է նման հետևություն անել, որ նա նույնպես ցանկանում է երիտասարդ սերդին ու նոր քաղաքական ուժերին հնարավորություն տալ քաղաքականության մեջ, որպեսզի ապագա Հայաստանը լինի ավելի լավ կառավարվող։
Մենք գիտենք, որ երկու տարի է՝ հասարակությունը բևեռների է բաժանվել՝ «խիստ քոչարյանական» և «խիստ վարչապետական»։ Ես կողջունեմ երկրորդ նախագահի այդ քայլը, որ իր գործողություններով դուրս է գալիս քաղաքականությունից, երրորդ նախագահը վաղուց է հայտարարել, որ չի հավակնում պետական բարձր պաշտոն ունենալ։ Մեր ժողովուրդը հին, կոռումպացված համակարգի վերադարձը չի ցանկանում։ Հիմա, ինչ վերաբերում է հակասություններին, ապա կարծում եմ, որ այդ հարցին Վահե Հակոբյանը պատասխանի, բայց Վահե Հակոբյանն իր խոսքի արժեքը պահեց, նա ասել էր, որ եթե արդյունքի չհասնի, չի վերադառնա խորհրդարան և չվերադարձավ, կուսակցությունը՝ ևս։
–Իսկ ի՞նչ կասեք այդ դեպքում ընդդիմության հանրահավաքների առաջնորդ Իշխան Սաղաթելյանի մասին ։
–Նա ևս բազմիցս հայտարարել, է, որ ունեն սեփական օրակարգը և առանց դրա չեն վերադառնալու խորհրդարան և փողոցային պայքարով հասնելու են իշխանափոխության։ Հետո վերադարձան Ազգային ժողով, չեմ զարմանա, որ որոշ ժամանակ անց Դաշնակցությունը դաշինք կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ հանուն պետության։ Նրանք իշխանությունների հետ հակասությունների փորձ են ունեցել, հետո կոալիցիա կազմելու, նրանք օգտագործում են քաղաքականության մեջ բոլոր գրագետ էլեմենտները, ինձ համար կարևոր է, որ ինչ արվում է, արվի հանուն պետության։
–Մեկ անգամ Դաշնակցությունն այդ փորձն ունեցել է, երբ իշխանափոխությունից հետո կոալիցիայի մաս էր կազմում Փաշինյանի հետ։
–Նույն ՀՀԿ–ի հետ ևս համագործակցել են, հետո ընդդիմություն են հայտարարել իրենց, քաղաքական ուժեր են, ցանկացած քաղաքական ուժ ձգտում է իշխանության, և դա տրամաբանական է, եթե որևէ քաղաքական ուժ հայտնում է, որ չի ձգտում իշխանության, նա հեքիաթների դասին է պատկանում, իսկ եթե քաղաքական ուժը ձգտում է իշխանության, և վաղը ՀԴՅ–ն իշխանության մաս կազմի, չի կարելի զարմանալ։
–Իսկ դուք դրան ո՞նց եք վերաբերվում՝ որպես քաղաքական գործիչ։
–Ես բազմիցս հայտնել եմ, որ երկրում միասնություն է պետք, և ոչ մի քաղաքական ուժ չունի լիարժեք կադրային պոտենցիալ՝ կառավարելու երկիրը․ ես կերազեմ մի օր, որ իշխանությունում լինեն բոլոր քաղաքական ուժերից ներկայացուցիչներ և անկուսակցականներ, իսկ երկիրը կառավարեն պրոֆեսիոնալները։ Այսօր մեր պետության համար անհրաժեշտ է ազգային սկզբունքների շուրջ համախմբվելը։
–Oրինակ, Դուք իրատեսական համարո՞ւմ եք, որ ՔՊ–ն ազգային գաղափարի ու ազգային արժեքի շուրջ համախմբվի։ Դուք տեսե՞լ եք ազգային որևէ գաղափար ՔՊ–ից։
–Գիտեք, իշխող ուժն ինքն էլ ունի հակասություն իր ներսում։ Բնական է, որ իշխող ուժի շուրջ համախմբվում են պաշտոնասեր մարդիկ, մենք տեսել ենք նախկինում էլ, որ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ պաշտոններ էին ստանում՝ համախմբվելով իշխանության շուրջ։ Այսօր ոչ մի տրամաբանություն չի փոխվել, մարդկանց դարձնում են կուսակցական և նշանակում պաշտոնների։ Դա իրենց համար է վտանգավոր։
–Բայց ինչպե՞ս Ազգային գաղափարի շուրջ համախմբվել իշխանության հետ։
–Մենք գիտենք, որ մեր ազգային ավանդույթների դեմ հարցեր կան, որոնց իրենք շատ հանգիստ են նայում՝ դա դիտարկելով մարդու ազատության կոնտեքստում, որը ես սխալ եմ համարում, ազատությունը լավ բան է, բայց անարխիան պետք չէ խառնել ազատության հետ։ Կան բաներ, որ չեմ էլ ուզում քննարկել, բայց Ռուսաստանի օրինակով պետք է օրենք ընդունել և որոշ հարցեր կարգավորել։ Ով ինչ ուզում է, թող անի, իր իրավունքն է, իրենց դեմ ոչինչ չունեմ, բայց դա տարածել չի կարելի։ Լեզու, կրոն, եկեղեցի, եկեղեցու հետ իշխանությունը որոշակի խնդիրներ ունի ու չի փորձում հարթել, եկեղեցին դարեր ի վեր կարևոր դեր է ունեցել, բայց ասել, որ իշխանություններն ազգային գաղափարախոսւթյունից զուրկ են, չի կարելի։