
30/11/2022 18:14
ԶՊՄԿ-ում հանքահենները հանքաքարի արտադրական ծավալները 40 մլն տոննայի հասցնելու թույլտվություն են ստացել. Արմեն Փարամազյան
«Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն ահազանգում է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոնաջրերն այս պահին էլ աղտոտում են Քաջարան քաղաքը։ Այս մասին ՀԿ-ն տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Ողջի գետը Քաջարան քաղաքում. երեք օր է՝ այս վիճակն է»։
«Երեք օր շարունակ Քաջարան քաղաքի կենտրոնում այն վիճակն է, ինչը երևում է տեսանյութում։ Համապատասխան պատկան մարմինները թող գնան, տեղում ուսումնասիրեն։ Փաստ է, որ այդ ջրերը դուրս են գալիս կոմբինատից, այնտեղ ուրիշ բան չկա» , - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավատեր կապանցիներ» ՀԿ նախագահ Արմեն Փարամազյանը։
Նրա խոսքով՝ բնապահպանական որևէ տեսչությունից կամ այլ օղակից չեն արձագանքել խնդրին։
«Հիմա կոմբինատում հանքահենները հանքաքարի արտադրական ծավալները 40 մլն տոննայի հասցնելու թույլտվություն են ստացել։ Այս հարցով դիմել ենք ԶՊՄԿ-ին, թող կամ հերքեն, կամ հաստատեն։ Պատկերացնում եք, չէ՞, որ այդ դեպքում պայթեցումները կրկնակի ավելանալու են, ջրային ավազանները ոչնչացվելու են։ Այդ հանքահենները, այդ չարագործները, Սյունիքը միայն հանքավայր են դիտարկում, բնակավայր չեն տեսնում։
Այս քաղաքականությունը տանում է նրան, որ Սյունիքը դանդաղ, բայց հստակ քայլերով դուրս են գրում հաշվեկշռից» , - ասաց Փարամազյանը։
Նա նշեց, թե պատրաստվում են ստորագրահավաք իրականացնել։
«Պետք է ստորագրահավաք իրականացնենք և հանքահեններին հանրային դատի ներկայացնենք։ Սրա միակ ձևը ժողովրդի դատաստանն է, սրանք ոչ օրենքի, ոչ էլ որևէ բանի առջև կանգ չեն առնի։ Միանշանակ, արդյունքի հասնելու ենք» , - ասաց Արմեն Փարամազյանը։
Նշենք, որ ԶՊՄԿ-ն այսօր հերքել էր պոչամբարում վթարի մասին տեղեկատվությունը։