
30/11/2022 11:52
Ռուսաստանը չի կարող ԱՄՆ-ի հետ քննարկել «START»-ը, մինչ նրանք զենք են մատակարարում Ուկրաինային. Զախարովա
Ռուսաստանը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ քննարկել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին պայմանագիրը (START), քանի դեռ Վաշինգտոնը Կիևին զենք է մատակարարում, այս մասին «Սպուտնիկ»-ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է էլ ավելի շատ զենք մատակարարել հակամարտող տարածաշրջանին, որում անմիջականորեն ներգրավված է Ռուսաստանի Դաշնությունը, այսինքն՝ նրանք կմատակարարեն այս ամբողջ զենքը, կդրդեն Կիևի ռեժիմին էլ ավելի արյունահեղության, կհատկացնեն գումար ծայրահեղական գործողությունների համար», - ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում պայմանագիրը, այն համապատասխանում է Ռուսաստանի և Ամերիկայի փոխադարձ շահերին, սակայն դրա քննարկման համար պետք է լինեն համապատասխան պայմաններ։
Երկուշաբթի օրը ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ խորհրդատվական հանձնաժողովի նիստը, որը նախապես նախատեսված էր նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 6-ը Կահիրեում, հետաձգվել է: