
30/11/2022 18:55
Մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողներին տրամադրել են կեղծ փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ․ Նախաձեռնվել են վարույթներ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից վերջին շրջանում կատարված ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ լիցենզիա ունեցող 15 սպանդանոց 2021-2022 թվականների ընթացքում մսի վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների տրամադրել են սպանդային մթերքները սպանդանոցից դուրս բերելու բովանդակությամբ կեղծ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ։
Տնտեսավարողները բովանդակությամբ կեղծ փաստաթղթերն օգտագործելով` գյուղացիներից ձեռք բերած անասունները տեղում մորթել ու վաճառել են իրենց խանութներում:
Փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ հանցանքների վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ: