01/12/2022 17:56
Վանդալիզմ պետության հանդեպ՝ պետության կողմից. Սաշուր Քալաշյան
Հազարից ավելի անցք՝ Հանրապետության հրապարակի շենքերին. մասնագետներն ահազանգում են՝ մայրաքաղաքի ամանորյա զարդարանքներով պայմանավորված՝ հատուկ պահպանվող շենքերի վրա կատարվող աշխատանքները կարող են անդառնալի հետևանքների պատճառել։
Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ մամուլից է տեղեկացել Հանրապետության հրապարակի շենքերի վանդալիզմի մասին, բայց, ցավոք, չի զարմացել։
«Անհասկանալի պատճառով մշակույթի նախարարությունը վերացվեց, մասնագետները մնացին լուսանցքում, հուշարձանների պահպանության ոլորտը կատարյալ անուշադրության է մատնված. մշակույթի, մշակութային արժեքների հանդեպ պետության ինստիտուցիոնալ վերաբերմունքի բացակայության հետևանքը պետք է լիներ նաև հրապարակի շենքերի հանդեպ վերաբերմունքը», - ասաց նա։
Ճարտարապետն ընդգծեց՝ մտահոգիչ է ոչ միայն այն, որ անգամ մի քանի անցքը կարող է տարիներ հետո լուրջ հետևանքներ առաջացնել, այլ նաև այն, որ հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում ներառված թամանյանական շենքերի վրա արված անցքերը մարմնավորում են արժեքային խեղաթյուրում։
«Հանրապետության գլխավոր հրապարակի շենքերի վրա տարվող աշխատանքներն ասես ճարտարապետության հանդեպ ամենաթողության, հատուկ պահպանվող շենքերի ու հուշարձանների հանդեպ վանդալիզմի լեգիտիմացում լինեն՝ հենց պետության կողմից։ Ամանորյա լուսավորությունն անցողիկ է, բայց նմանօրինակ վարքով հեղինակազրկվում ենք. խիստ ժամանակավրեպ հաճույքների համար նման գռեհիկ վարքով ասես ապացուցում ենք, որ մենք մեր ժառանգության ժառանգորդը չենք», - ասաց Քալաշյանը։
Ճարտարապետը հույս հայտնեց, որ խնդիրը հանրային բավարար արձագանք կստանա, մեղավորները կպատժվեն. «Պատերազմից հետո հանրության համար նման հարցերը կարող են առաջնային չթվալ, բայց այդ դեպքում առաջնային չպետք է լիներ նաև ամանորյա զարդարանքների համար հսկայական ֆինանսական միջոցներ ուղղելը»։