01/12/2022 14:42
Տարածվող նկարը ոչ մի կապ չունի ամանորյա լուսավորության նախագծի հետ. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի Հանրապետության Հրապարակի շենքերից մեկի զարդաքանդակի մեջ մխրճված հեղույսի հետ, այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի լրատվության պետ Լևոն Սարդարյանը:
«Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի մեջ, ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ», - Facebook-ում գրել է Սարդարյանը։
Մայրաքաղաքի ամանորյա լուսավորման աշխատանքների հետ կապված հաղորդագրություն է տարածել նաև Երևանի քաղաքապետարանը:
«Հաշվի առնելով, որ այս պահին տարբեր լրատվական միջոցների կողմից քննարկվում են, մասնավորապես, Հանրապետության Հրապարակի շենքերի վրա իրականացվող աշխատանքները՝ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ նախքան նախագծի իրականացումը՝ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը», - նշվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ խնդրի առնչությամբ լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգան նաև դեկտեմբերի 2-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:
Ավելի վաղ՝ համացանցում լուսանկար էր հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Հանրապետության Հրապարակի պատերից մեկի քանդակը վնասվել մխրճված հեղույսի պատճառով: Լուսանկարի առնչությամբ սոցիալական ցանցերում քննադատության լուրջ ալիք է բարձրացել: