02/12/2022 19:02
Միխայիլ Սահակաշվիլու մայրը հայտարարել է՝ որդին Վրաստանում այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու մայրը՝ Ջիուլի Ալասանիան հայտարարել է, որ որդին Վրաստանում այլևս քաղաքական գործունեություն չի ծավալելու։
«Միխայիլ Սահակաշվիլին չի պատրաստվում որևէ կերպ մասնակցություն ունենալ Վրաստանի քաղաքական կյանքում և իր գործով արդար վճռի կայացման հույս ունի»,- Սահակաշվիլու ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նրա մայրը։
Ջիուլի Ալասանիան գրել է նաև, որ Սահակաշվիլին չի մեղադրում վրացական իշխանություններին՝ իր հնարավոր թունավորման մեջ, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էին Միխայիլ Սահակաշվիլու փաստաբանները։
Նշենք, որ Սահակաշվիլու առողջական վիճակի մասին բժշկական եզրակացություններում արձանագրվել էր, որ նրա օրգանիզմում ծանր մետաղների, այդ թվում՝ սնդիկի պարունակությունը գերազանցում է նորման։
Ջիուլի Ալասանիան այս առնչությամբ նշել է, որ եթե Սահակաշվիլուն թունավորել են, ապա դրա հետևում կարող է կանգնած լինել այլ երկիր։