06/12/2022 10:45
«Պետք է բացառվեն օրենքի ոչ միատեսակ կիրառումը, կամայականությունները, բացահայտ ապօրինությունները». ՔՊ-ն ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել ՔԿ-ի նախկին նախագահին (Տեսանյութ)
Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութունն այդ պաշտոնում առաջադրել է ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը: Գրիգորյանը հայտարարեց, թե շնորհակալ է ՔՊ-ին իր թեկնածությունն առաջադրելու համար:
«Ինձ համար այն չափազանց մեծ պատասխանատվութուն է, իսկ խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում որպես գիտնական անդամի թեկնածու առաջադրվելը` կրկնակի պարտավորեցնող», - ելույթի ժամանակ ասաց նա:
Նրա խոսքով` պետք է բացառվեն օրենքի ոչ միատեսակ կիրառումը, դատական ակտերի անկանխատեսելիութունը, չպատճառաբանված դատական ակտերը, կամայականությունները, խտրականությունները, բացահայտ ապօրինությունները:
«Միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, որ դատավորը պետք է կաշկանդված լինի կամ կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել օրենքի ազատ մեկնաբանությունների, փաստերին ու ապացույցներին անձնական գնահատական տալու, այսինքն` գործի փաստական հանգամանքները ներքին համոզմամբ գնահատելու համար», - ընդգծեց Հայկ Գրիգորյանը:
ԲԴԽ անդամի թեկնածուն ասաց, թե կենսական անհրաժեշտութուն է առաջանում ապահովել ԲԴԽ անդամի լիազորությունները, որպեսզի վերջինս, իր արդար քվեարկության միջոցով անաչառ ու վճռականորեն իրականացնելով իր լիազորությունները, բարձրացնի քաղաքացիների վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
«Ձեր վստահության քվեն ստանալու ու ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում պարտավորվում եմ պարտականություններս իրականացնել բացառապես միայն օրինականության ու իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա», - հավելեց Հայկ Գրիգորյանը: