06/12/2022 13:46
Իրավիճակը Վերին Լարսում. ԱՆԻՖ-ը չի զբաղվում, ՊԵԿ-ը լռում է, էկոնոմիկայի նախարարությունը օպերատիվ աշխատում է ռուսների և վրացիների հետ
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին`Վերին Լարսում, հարյուրավոր բեռնատարներ են հերթերի մեջ մնացել։ Ավելի քան մեկ ամիս Լարսում այս խնդիրը չի կարգավորվում, ինչի հետևանքով հայ արտահանողները մեծ վնասներ են կրել:
Համացանցում տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես են փչացել մթերքները:
Aysor.am-ը գրավոր հարցումներով փորձել է հասկանալ՝ ի՞նչ է անում հայկական կողմը այս խնդրին լուծում տալու համար:
Հարցում էինք ուղարկել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»՝ ԱՆԻՖ, որի տնօրենների խորհրդի նախագահն է Տիգրան Ավինյանը։
«Հաշվի առնելով, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի ջանքերն ուղղված են «հայ ժողովրդի, երկրի և ներդրողների ընդհանուր շահերի ձևակերպմանը և պաշտպանությանը», ինչպես նաև արտահանման աճի խթանմանը՝ խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել՝ ի՞նչ է անում ԱՆԻՖ-ը Վերին Լարցում ստեղծված իրավիճակին լուծում տալու կամ օգնելու՝ լուծումներ գտնելու համար, ինչպե՞ս է պաշտպանում վնասներ կրած արտահանող ընկերությունների շահերը», - հետաքրքրվել էինք ընկերությունից:
Մեր հարցմանը ԱՆԻՖ-ից պատասխանել են. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) գործառույթների և առաքելության մեջ չի մտնում Ձեր կողմից նշված (այն է` Վերին Լարսի անցակետի վրացական կողմում խցանումների հարցը) խնդրի լուծումը»:
Հարցում էինք ուղարկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խնդրին լուծում տալու համար։ Հետաքրքրվել էինք, թե ՌԴ գործընկերների հետ քննարկումներ կա՞ն, ի՞նչ որոշումների սպասել։
«Հայկական լաստանավը ե՞րբ կգործարկվի։ Արդյոք նախարարությունն ունի տվյալներ, թե այս օրերի ընթացքում արտահանող ընկերություններն ի՞նչ վնասներ են կրել. այդ ուղղությամբ ի՞նչ է անում նախարարությունը», - նշել էինք մեր հարցման մեջ:
Ի պատասխան Aysor.am-ի հարցման՝ նախարարությունից նշել էին, որ Վերին Լարսում խնդիրը ծագել է Ղրիմի կամրջի պայթյունից հետո, երբ ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը բոլոր բեռնատարների նկատմամբ՝ անվտանգության խնդիրներից ելնելով։
«Ներկայումս Վերին Լարսի հետ կապված իրավիճակը կայուն է: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հետևում է թողունակությանը, ինչպես նաև առաջացող խնդիրներին։ Նախարարությունը նաև օպերատիվ աշխատում է ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում խնդիրը լուծվի։ Վերին Լարսի անցակետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող հայկական բեռնատատարների կուտակումները, որոնք առաջացել են Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների կողմից բեռնատարների և ավտոմեքենաների խստացված զննման գործընթաց սկսելուց հետո, նվազում են, քանի որ Լարսի անցակետի թողունակությունը վերականգնվել է։ Ղրիմի կամրջի պայթյունի դեպքից հետո Հայաստանից դուրս եկած և Ռուսաստան մտած մեքենաների տարբերությունը կազմում է մոտ 1600 մեքենա, այսինքն, այս պահին, հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում», - նշել էին Էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարությունից տեղեկացրել էին նաև, որ Լարսի անցակետի այսօրվա թողունակությունը հայկական բեռներով մեքենաների վրա նույնն է, ինչ եղել է մինչև նշված դեպքը։ Թողունակության ծավալը օրական կազմում է մոտավորապես 160-170 մեքենա։
Ինչ վերաբերում է լաստանավի գործարկման ժամկետներին՝ նշվել է, որ դրա ձգձգումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով։
«Առաջացած բարդությունները հաղթահարելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հնարավորինս արագ գործարկելու նպատակով շարունակվում են անհրաժեշտ աշխատանքները», - հայտնել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հաջորդ հարցմամբ դիմել էինք նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում փոխվարչապետը իրավիճակին լուծում տալու համար։ Արդյոք հարցը բարձրացվում է ԵԱՏՄ և երկկողմ՝ հայ-ռուսական ու հայ-վրացական շրջանակներում։
Հետաքրքրվել էինք նաև, թե խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ի՞նչ աշխատանք է տանում ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային նոր կցորդը:
Փոխվարչապետի գրասենյակից, սակայն, մեզ տեղեկացրեցին, որ Aysor.am-ի հարցումը վերահասցեագրել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե:
ՊԵԿ-ից սակայն, այդպես էլ ոչ մի պատասխան չստացանք: Նախ խնդրեցին մի քանի օր ժամանակ՝ ավելի մանրամասն ինֆորմացիա տրամադրելու համար, վերջնաժամկետը երկուշաբթի էր՝ դեկտեմբերի 5-ը, սական այդպես էլ կառույցը տեղեկատվություն չտրամադրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում Վերին Լարսում ստեղծված իրավիճակին լուծում գտնելու համար: