06/12/2022 15:54
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». թերլցումների դեպքերում գազալցակայաններում և բենզալցակայաններում ցուցանակ կփակցվի
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել թերլիցքավորում կատարելու պարագայում սահմանված տուգանքի չափը:
«Այսուհետ բենզագազալցակայաններում թերլիցքավորում կատարելու և այն հայտնաբերելու ու տուգանելու դեպքում կփակցվի ցուցանակ, որում նշված կլինի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» նախադասությունը: Նախագիծը կանխարգելիչ բնույթ է կրում», - ասաց նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը:
Թերլիցքավորում կատարելու պարագայում միանվագ 500 հազար դրամ տուգանքի փոխարեն տուգանքը լինելու է 200 հազար դրամ՝ գումարած տնտեսվարողի տուգանքը հայտնաբերելուն նախորդող եռամսյակի շրջանառության 1 տոկոսը: Այս նախագծով նախատեսվում է ներդնել հանրային վերահսկողության գործիք. լցակայանները կունենան QR կոդեր, որտեղ նշված կլինի, թե տվյալ բենզալցակայանը երբ է վերջին անգամ ստուգում անցել, հայտնաբերվե՞լ են արդյոք խախտումներ, որքա՞ն է տուգանվել և այլն: