07/12/2022 17:25
«Կշեռքի նժարին ենք դրել, ընտրություն արել դրականի և ապագայի օգտին»․ Միրզոյանը՝ Սաֆարովին արտահանձնած Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին
ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իշխող՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը նշանակու՞մ է արդյոք, որ ՀՀ գործող իշխանությունը փոխել է դիրքորոշումը Հունգարիայում տեղի ունեցածի վերաբերյալ։ Հիշեցնենք՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնել էր Ադրբեջանին, արտահանձնումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարդասպանին «հերոսի կոչում» էր շնորհել։
Արարատ Միրզոյանը հարցին ի պատասխան՝ վստահեցրեց՝ դիրքորոշումը չեն փոխել, կարծում են, որ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջան արտահանձնելը ճիշտ չէր, սակայն կշեռքի նժարին են դրել նաև այլ իրադարձություններ, ինչից հետո ընտրություն են արել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու օգտին։
«Այդ իրադարձությունը (Սաֆարովի արտահանձնումը-խմբ․) հիշելով՝ նաև հիշում ենք անցյալ տարվա դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։ Հունգարական իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիների հետ եկան Երևան, կարելի է ասել՝ նրանց բերեցին Երևան։
Կարծում եմ նաև, որ չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը Քովիդի դեմ պայքարի շրջանակներում։ Եթե ճիշտ եմ հիշում, 100 000 դեղաչափ տրամադրեցին, և սա ևս կյանքեր փրկեց ։
Կան բազմաթիվ այլ օրինակներ, օրինակ՝ ֆինանսական աջակցությունը, որը հունգարական իշխանությունը ցույց է տալիս Հայ առաքելական եկեղեցուն, նաև կա դպրոցների մակարդակում համագործակցություն, այդ թվում՝ Գուրգեն Մարգարյանի սպանության հետ կապված իրազեկման բարձրացման ուղղությամբ։
Ահա այս բոլորը, երբ կշեռքի նժարի վրա ենք դնում, ես կարծում եմ, որ ընտրություն պետք է կատարել ավելի շատ դրականի և ապագայի օգտին, ինչը և արվել է»,- ասաց Միրզոյանը։
Նա հայտնեց նաև՝ առաջիկայում Հայաստանն ու Հունգարիան կհայտարարեն երկու երկրներում արտակարգ և լիազոր դեսպաններ նշանակելու մասին։