07/12/2022 17:19
Վստահ չեմ, որ կհաջողվի մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակ. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Ադրբեջանի հետ խաղաղության, հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցություններն ակտիվ փուլում են, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Փաստաթուղթ է շրջանառվում, այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, հանդես կգանք մեր հերթական առաջարկներով, ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց դրա համար են բանակցությունները, որ կարողանանք հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել», - ասաց նա:
Միրզոյանի խոսքով՝ այս պահին ադրբեջանական կողմի հետ վերջնական հանդիպում պլանավորված չէ:
«Բայց ես ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ մենք կունենանք ևս մեկ հանդիպում, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը: Մենք կառուցողական ենք, վստահ չեմ, որ կհաջողվի մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակ, բայց մեր մտադրությունը ուժի մեջ է, մենք աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության, եթե նույնիսկ չստացվի մինչև տարեվերջ բանակցությունները կշարունակվեն դրանից հետո»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: