08/12/2022 13:31
Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև կսկսվեն օդային բեռնափոխադրումներ
Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի վերսկսումից հետո այժմ աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ: Այս մասին գրել է ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական իշխանամերձ «Hurriyet» թերթի կայքին:
Կայքը հավելել է, որ բացի այդ, մասնագետները հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար տեխնիկական աշխատանքներ են իրականացնում:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտեցել, և երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022թ․ ավարտը:
Լրատվամիջոցի դիտարկմամբ, այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան:
Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մյուս կարևոր հարցերից է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրումը:
Սակայն, ըստ աղբյուրի, այդ հարցում կան խնդիրներ: Մասնավորապես, հայ-թուրքական սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը կարիք ունի վերանորոգման:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ հարցով շաբաթներ առաջ տեղի է ունեցել հանդիպում փորձագետների մակարդակով։ Սակայն, այս առումով հստակ քայլերն ակնկալվում են ավելի ուշ՝ հաշվի առնելով եղանակային խիստ պայմանները: