08/12/2022 17:01
Հարավային Կովկասում ակտիվացած Եվրամիությունն առաջնորդվում է բացառապես սեփական պատեհապաշտ շահերով․ Զախարովա
Հարավային Կովկասում Եվրամիության ակտիվության հիմքում բացառապես սեփական պատեհապաշտ շահերն առաջ տանելու նպատակադրումն է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե և երբ որոշում կայացվի երկարաձգել ԵՄ դիտորդական առաքելության մանդատը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում, մենք դրա վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանությամբ հանդես կգանք, բայց այժմ ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հարավային Կովկասում ակտիվություն ցուցաբերելով՝ Եվրամիությունը առաջնորդվում է բացառապես սեփական պատեհապաշտ շահերով»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ հարավկովկասյան տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը Բրյուսելի երազանքն է մնում։
«Մենք տեղյակ ենք Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ամեն կերպ միջամտելու՝ Բրյուսելի ջանքերի մասին, ինչը պայմանավորված է սեփական ներկայությունը տեղում ամրապնդելով և, վեջնարդյունքում, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելով։ Դա նրանց երազանքն է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։