
08/12/2022 14:10
«Հայաստան» խմբակցությունը չորս նոր պատգամավոր ունի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ ԱԺ պատգամավորներին մանդատներ տրամադրելու մասին արձանագրություններ կազմելու օրակարգով։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմումները։
Մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։ Բոլոր դիմումները վավերացված են եղել նոտարական կարգով, հետևաբար, կարիք չի եղել որևէ մեկի մասնակցությունը նիստին։
«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի լիազորությունները ԱԺ նախագահի կարգադրությամբ դադարել են. նրանց մանդատները ԿԸՀ արձանագրությամբ, համապատասխանաբար, տրամադրվել են Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։
Հիշեցնենք՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցրել է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։
Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրելիրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
Զեմֆիրա Միրզոևան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգամավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունից մանդատնեը վայր էին դրել Արամ Վարդևանյանն ու Արթուր Ղազինյանը։